Պատկանելության և ինքնության ձևավորման միջև․ սեփական կյանքը կառուցելը ներգաղթյալ ընտանիքում
Այս հոդվածը ներգաղթյալ ընտանիքում սեփական կյանքը կառուցելու մասին հոդվածաշարի մի մասն է։
Պատկերացրեք, որ կանգնած եք հայելու առջև և տեսնում եք ավելին, քան պարզապես ձեր արտացոլանքը։ Ձեզ են նայում ձեզ մեծացրած մարդկանց հույսերն ու վախերը․ այն մասնագիտությունը, որը պետք է արդարացներ նրանց զոհողությունները, այն արժեքները, որոնք պետք է պահպանեին ընտանիքի միասնությունը, և այն ընտրությունները, որոնք պետք է ապացուցեին, որ դուք չեք մոռացել ձեր արմատները։ Հնարավոր է՝ դուք սովորել եք ինքներդ ձեզ ճանաչել այս սպասումների միջոցով դեռ նախքան կհասցնեիք հարցնել, թե ինչ եք ցանկանում ինքներդ։ Ժամանակի ընթացքում կարող է դժվարանալ հասկանալ՝ հայելու մեջ արտացոլված կյանքն այն կյանքն է, որն ինքներդ եք ընտրել, ժառանգել եք, թե սովորել եք ապրել որոշակի դեր կատարելով՝ սիրված մնալու, հարազատների համար ճանաչելի լինելու կամ «լավը» համարվելու համար։
Մշակութային ժառանգություն
Միգրացիան սահմաններից այն կողմ տեղափոխում է ոչ միայն մարդկանց։ Երբ ընտանիքները տեղափոխվում են, նրանք իրենց հետ բերում են մշակութային ժառանգություն՝ ընդհանուր պատմություններ ու ավանդույթներ, պատկանելության և պատասխանատվության մասին պատկերացումներ, ինչպես նաև այն համոզմունքները, թե ինչ է նշանակում լավ կյանքով ապրել։ Որոշ ընտանիքներ գալիս են՝ իրենց հետ բերելով պատերազմի, տեղահանության, աղքատության, խտրականության կամ բաժանման հիշողություններ։ Շատերը մշակել են գոյատևելու և դժվարությունները հաղթահարելու եղանակներ, որոնք համապատասխանել են այն միջավայրին, որտեղից եկել են։ Հնարավոր է՝ դուք դա նկատում եք ձեր ծնողների կամ տատիկ-պապիկների օրինակով․ նրանք ժամանել են Կանադա՝ հույս ունենալով, որ դուք կկարողանաք հաղթահարել իրենց հանդիպած դժվարությունները և օգտվել այն հնարավորություններից, որոնք ժամանակին անհասանելի էին իրենց համար։
Անշուշտ, այս ժառանգությունն ունի իր նշանակությունը։ Այն ապահովում է շարունակականության զգացում կյանքի մեծ փոփոխություններից հետո, օգնում է պահպանել ինքնությունն ու արմատների հետ կապը, ընտանիքն ու համայնքը, իմաստալից ավանդույթները, ինչպես նաև փոխադարձ պատասխանատվության և հոգատարության դրսևորումները։ Սակայն այն կառուցվածքները, որոնք նպաստում են պատկանելության զգացմանը, կարող են նաև իրենց հետ բերել չարտահայտված, իսկ երբեմն էլ բացահայտ սպասումներ այն մասին, թե ինչպես պետք է ապրել։
Եթե դուք ներգաղթել եք մանկության տարիներին կամ ծնվել եք ներգաղթյալ ծնողների ընտանիքում, հնարավոր է՝ բախվում եք դժվար հարցերի․ ի՞նչ են զոհաբերել ծնողներս ինձ համար։ Ի՞նչ եմ ես պարտք իմ ընտանիքին։ Ինչի՞ համար եմ պատասխանատու։ Եթե ընտրեմ այլ կերպ ապրել, ի՞նչը կամ ո՞ւմ եմ թողնում հետևում։
Դժվարությունն այն է, որ այս ներքին հակասությունները պարզապես ընտանիքի սպասումների և անձնական ցանկությունների միջև բախում չեն։ Դուք ձգտում եք ինքնուրույն ձևավորել ձեր կյանքի ուղին, ինչը պահանջում է ավելի գիտակցված հարաբերություն ձեր ժառանգած արժեքների և պատկերացումների հետ։ Այս պայքարի հիմքում ընկած է հարցը․ ինչպե՞ս կարող եմ ավելի լիարժեք դառնալ ինքս ինձ՝ առանց զգալու, որ դավաճանում եմ ընտանիքիս, հրաժարվում եմ իմ մշակույթից կամ վերածվում եմ մեկի, ում այլևս չեմ ճանաչում։
Դերերը, որոնք մենք ժառանգում ենք
Ընտանիքում ժառանգված դերերն ու սպասումները միշտ չէ, որ հստակ ձևակերպված են։ Ժամանակի ընթացքում մարդը կարող է սովորել, թե ով պետք է լինի՝ գովեստի, հիասթափության, համեմատությունների, լռության կամ իրեն վերապահված պարտականությունների միջոցով։
Երբ նայում եք հայելու մեջ, հնարավոր է՝ առաջին հերթին ինքներդ ձեզ չեք տեսնում։ Փոխարենը կարող եք տեսնել այն դերը, որը դուք և ձեր քույրերն ու եղբայրները զբաղեցրել եք ընտանիքում․ հաջողակ երեխան, նա, ում մոտ կարծես երբեք ոչինչ ճիշտ չի ստացվում, այն երեխան, որը լրացուցիչ խնդիրներ չի ստեղծում, չափազանց զգայունը, եսասերը կամ անշնորհակալը, ընտանիքի հեղինակությունը պահպանողը, մյուսների շահերը պաշտպանողը, թարգմանիչը, ապագա խնամակալը կամ այն մարդը, որից սպասում են իրականացնել ծնողների չիրականացած երազանքները։
Հնարավոր է՝ դուք մասամբ բացահայտում եք ձեր ինքնությունը՝ համեմատելով ձեզ ուրիշների հետ․ ում են գովում, ում համար են անհանգստանում, ում են պաշտպանում, ում են մեղադրում, ումից են ակնկալում խոհեմություն, ում է թույլատրվում ավելի շատ աջակցության կարիք ունենալ, իսկ ում՝ ոչ։ Ժամանակի ընթացքում այս դերերը կարող են այնքան սովորական դառնալ, որ սկսեն ընկալվել որպես ձեր ինքնության անբաժանելի մաս։ Երբ դուք կամ ձեր քույրերից ու եղբայրներից մեկը փորձում եք այլ դեր ստանձնել, ընտանիքը կարող է դա անմիջապես չընդունել։ Պատասխանատու երեխան կարող է եսասեր համարվել, երբ սկսում է սահմաններ դնել։ Դժվարություններ ունեցող երեխային կարող են շարունակել չվստահել, նույնիսկ երբ նա ավելի ինքնուրույն և կարողունակ է դարձել։ Լուռ երեխան կարող է դժվար բնավորություն ունեցող համարվել, երբ սկսում է բարձրաձայն արտահայտվել։
Անկախ նրանից՝ ձեր դերը գնահատվում է և հպարտության ու պատկանելության զգացում է առաջացնում, թե արժեզրկվում է և ամոթի ու մեղադրանքի պատճառ դառնում, այն ձեզ ճանաչելի տեղ է տալիս ընտանիքում։ Երկու դեպքում էլ այդ դերերը կարող են սահմանափակել ձեր պատկերացումները սեփական անձի և ձեր առջև բաց հնարավորությունների մասին։ Խնդիրն այն չէ, որ ձեր մշակութային ժառանգությունն ինքնին սահմանափակող է, այլ այն, որ այն կարող է այդպիսին դառնալ, երբ քիչ տեղ է մնում հարցեր տալու կամ գիտակցաբար ընտրելու, թե ինչպես եք ցանկանում առնչվել այդ ժառանգությանը։
Այս դերերը կարող են շարունակել ուղղորդել ձեր կյանքը նույնիսկ ընտանիքի տնից հեռանալուց շատ ժամանակ անց։ Հնարավոր է՝ դուք շարունակում եք նայել նույն հայելու մեջ, նույնիսկ երբ սենյակում ուրիշ ոչ ոք չկա։ Հաջողակ երեխան կարող է ընտրել հեղինակավոր մասնագիտություն՝ չիմանալով, թե արդյոք իսկապես ցանկանում է դա։ Այն երեխան, որը երբեք խնդիրներ չի ստեղծել, կարող է դժվարանալ օգնություն խնդրել։ Ընտանիքի հեղինակությունը պաշտպանելու պարտականություն զգացող մարդը կարող է թաքցնել հարաբերություն, համոզմունք կամ սեփական անձի մի մասը՝ վախենալով, որ այն ընդունելի չի լինի։ Ժամանակի ընթացքում այդ դերն այլևս արտաքին պարտադրանքի կարիք չի ունենում։ Դուք կարող եք սկսել ինքներդ ձեզ նայել այն մարդկանց աչքերով, որոնց շրջապատում մեծացել եք՝ նախապես սպասելով քննադատության, անտեսելով սեփական ցանկությունները կամ մեղավոր զգալով դեռ նախքան որևէ մեկը կհայտնի իր անհամաձայնությունը։ Այն, ինչը ժամանակին ձեզ ճանաչելի տեղ էր ապահովում ընտանիքում, կարող է այնքան սերտորեն միահյուսվել ձեր ինքնության հետ, որ դժվար դառնա դրանք տարանջատելը։ Այդ դերից ցանկացած շեղում կարող է ընկալվել որպես ընտանիքին պատկանելու զգացումը կորցնելու վտանգ։
Հույսի և զոհողության ծանրությունը
Երբ սերը, պարտավորությունն ու զոհողությունը սերտորեն միահյուսվում են, այլ ճանապարհ ընտրելը կարող է դավաճանության նման զգացվել։ Ձեր ծնողների զոհողությունները կարող են կապված լինել ձեր և ձեր քույրերի ու եղբայրների ապագայի վերաբերյալ որոշակի հույսերի հետ։ Կրթության, աշխատանքի կամ հավատքի ոլորտում հաջողության հասնելն իր հերթին կարող է ընկալվել որպես այդ զոհողությունները հարգելու և փոխհատուցելու միջոց։ Հետևաբար, ընտանիքի պատկերացրածից տարբեր կյանք ընտրելը կարող է այնպիսի զգացում առաջացնել, կարծես նրանց զոհողություններն ապարդյուն են եղել։ Այդպես դուք կարող եք ձեզ պատասխանատու զգալ ծնողների հիասթափության համար, նույնիսկ երբ ձեր ընտրությունները չափահաս մարդու կյանքի սովորական դրսևորումներ են, այլ ոչ թե ընտանիքից հրաժարվելու քայլեր։
Ծնողները կարող են անկեղծորեն վշտանալ այն կյանքի համար, որը պատկերացրել էին իրենց երեխաների համար։ Երբ այլ ընտրություն կատարելուց հետո նայում եք հայելու մեջ, հնարավոր է՝ առաջին հերթին տեսնում եք նրանց վիշտը՝ արտացոլված ձեր մեջ։ Նրանց հիասթափությունը կարող է ստիպել ձեզ ինքներդ ձեզ տեսնել որպես եսասեր, անշնորհակալ կամ մերժող մարդ, կարծես սեփական ինքնությունը ավելի հստակ տեսնելը նշանակում է երես թեքել ընտանիքից։ Սակայն եթե շարունակեք նայել, կարող է աստիճանաբար երևալ նաև մեկ այլ պատկեր։ Կարող եք նկատել, որ ձեր այն մասը, որը փորձում է առաջ գալ, պարզապես դուրս է գալիս այն դերից, որի միջոցով ձեզնից ակնկալվում էր արտահայտել ձեր երախտագիտությունը։ Այս համատեքստում մեղքի զգացումը կարող է վկայել ոչ թե բարոյական սխալի, այլ հաստատված դերից հեռանալու մասին։ Ընտանիքի արձագանքի հիմքում ընկած հույզերը հասկանալը կարող է օգնել պահպանել կարեկցանքը՝ առանց ձեր ամբողջ կյանքը կազմակերպելու այդ հույզերը կանխելու շուրջ։
Պատկանելություն՝ առանց սեփական ինքնությունը կորցնելու
Երբ ընտանիքի հավանությունը դառնում է պայման, որպեսզի ձեր ընտրությունը ճիշտ և ընդունելի զգացվի, պատկանելության զգացումը կարող է շատ քիչ տեղ թողնել ձեր անհատականության համար։ Միևնույն ժամանակ, ժառանգած ամեն ինչից հրաժարվելը կարող է ձեզ հեռացնել ճնշումից, բայց նաև խզել այն հարաբերություններն ու ավանդույթները, որոնք շարունակում են կարևոր լինել ձեզ համար։ Սեփական ինքնությունը բացառապես ընտանիքի սպասումներին հակադրվելով սահմանելը կարող է նշանակել, որ ձեր կյանքը դեռևս նույնքան պայմանավորված է այդ սպասումներով։ Սեփական կյանքի գիտակցված ձևավորումը ենթադրում է ընտրել, թե որ պարտավորություններն ու արժեքներն եք ցանկանում պահպանել, վերաձևակերպել կամ թողնել անցյալում՝ փոխանակ ինքնաբերաբար ենթարկվելու կամ հակադրվելու։
Ուրեմն ի՞նչ եք ցանկանում ձեզ հետ տանել ապագա։ Ի՞նչը պետք է պահպանել, նորովի մեկնաբանել կամ փոխել։ Ինչի՞ց կարելի է հրաժարվել, և ի՞նչը կարող է առայժմ չլուծված մնալ։ Ի՞նչ կցանկանաք այլ կերպ փոխանցել հաջորդ սերունդներին։ Այս հարցերը կարող են երկար ժամանակ անպատասխան մնալ, և պատասխաններ փնտրելը պարտադիր չէ, որ պահանջի կտրուկ առճակատում կամ ընտանիքի հետ հարաբերությունների ամբողջական խզում։ Երբեմն դա կարող է նշանակել ընդունել, որ որոշ տարաձայնություններ դեռևս լուծված չեն, հոգատարություն ցուցաբերել՝ առանց ամեն խնդրի պատասխանատվությունը ստանձնելու, կամ մասնակցել որոշ ավանդույթների՝ միաժամանակ հրաժարվելով մյուսներից։
Սակայն ոչ բոլորն ունեն գործելու հավասար ազատություն։ Հնարավոր է՝ դուք ֆինանսապես կախված եք ընտանիքից, ապրում եք ընտանեկան տանը, ապահովում եք որևէ մեկի անհրաժեշտ խնամքը կամ բախվում եք մերժման կամ հարաբերությունների խզման իրական վտանգի։ Սեփական կյանքը կառուցելը չի նշանակում անտեսել այդ հետևանքների լրջությունը։ Դա նշանակում է հստակ տեսնել դրանք և միաժամանակ մտածել, թե որքանով պետք է դրանք որոշեն ձեր ընտրությունները։ Որոշ հարաբերություններ կարող են զարգանալ և պահպանել իրենց խոր իմաստը, մինչդեռ մյուսները գուցե չկարողանան ընդունել այն մարդուն, որը դուք աստիճանաբար դառնում եք։
Տարածք՝ սեփական ընտրությունը կատարելու համար
Հոգեթերապիան կարող է ապահովել մի միջավայր, որտեղ դուք հնարավորություն կունենաք ուսումնասիրելու ձեր ժառանգած արժեքներն ու պատկերացումները՝ առանց նախապես ենթադրելու, որ դրանք պետք է կամ ամբողջությամբ պահպանել, կամ մերժել։ Այն կարող է օգնել տարբերակել այն, ինչն իսկապես կարևոր է ձեզ համար, և այն, ինչ շարունակում եք կրել վախի, մեղքի զգացման, սովորության կամ հավանության արժանանալու անհրաժեշտության պատճառով։ Այս գործընթացը կարող է ներառել ձեր սովորած ընտանեկան դերերի, այդ դերերի միջոցով պահպանված հարաբերությունների և այն պատճառների ըմբռնումը, որոնց պատճառով այսօր դժվար է դրանք կասկածի տակ դնել։ Հոգեթերապիայի նպատակը որոշելը չէ, թե ընտանիքի սպասումները ճիշտ են, թե սխալ, կամ ձեզ անկախության կամ ենթարկվելու ուղղությամբ առաջնորդելը։ Դրա նպատակն է ստեղծել տարածք, որտեղ դուք կարող եք կատարել ձեր սեփական ընտրությունները։
- Ո՞ր փոխզիջումներն են համապատասխանում ձեր արժեքներին, և որո՞նք են ձեզնից չափազանց մեծ զոհողություններ պահանջում։
- Ո՞ր պատասխանատվություններն եք պատրաստակամորեն ստանձնում, և որո՞նք են դարձել ձեզնից ինքնաբերաբար ակնկալվող պարտավորություններ։
- Կապի ի՞նչ ձևեր են հնարավոր՝ առանց թաքցնելու կամ մերժելու ձեր ինքնության կարևոր կողմերը։
Հոգեթերապիան կարող է նաև աջակցություն տրամադրել այն ամենի հետ առնչվելիս, ինչ հաջորդում է որոշում կայացնելուն։ Նույնիսկ լավ մտածված և անհրաժեշտ որոշումը կարող է առաջացնել մեղքի զգացում, անորոշություն, հիասթափություն, հակամարտություն կամ վիշտ։ Հոգեթերապիայի նպատակը պարտադիր չէ, որ լինի այդ զգացումները վերացնելը։ Ավելի շուտ, այն կարող է օգնել հասկանալ դրանց նշանակությունը և սովորել ապրել դրանց հետ՝ առանց ինքնաբերաբար ենթադրելու, որ դրանք ապացույց են ձեր որոշման սխալ լինելու։
Ժամանակի ընթացքում հայելու մեջ արտացոլված պատկերը կարող է ավելի հստակ դառնալ։ Ոչ թե այն պատճառով, որ ձեզնից առաջ ապրած մարդկանց դեմքերը անհետացել են, այլ որովհետև դուք սովորել եք նրանց մեջ ճանաչել նաև ձեր սեփական արտացոլանքը։ Սեփական կյանքը գիտակցաբար ձևավորելը չի նշանակում ազատվել այն ամենից, ինչը ձևավորել է մեզ։ Դա նշանակում է ազատություն ունենալ որոշելու, թե ինչպես ենք ցանկանում այդ ամենը տանել մեզ հետ դեպի ապագա։
Եթե այս օրինաչափություններում ճանաչում եք ինքներդ ձեզ, հոգեթերապիան կարող է հնարավորություն տալ դանդաղեցնել ընթացքը և ավելի լավ հասկանալ դրանք։ Դուք կարող եք սկսել հարցնել ինքներդ ձեզ՝ ի՞նչն է իսկապես իմը, ի՞նչն է ինձ փոխանցվել, և ինչպիսի՞ կյանք եմ ցանկանում կառուցել այս պահից սկսած։
Եթե ցանկանում եք աջակցություն ստանալ այս ճանապարհին, կարող եք ամրագրել անվճար խորհրդատվություն ինձ հետ կամ իմ գործընկերներից մեկի հետ «Transforming Emotions» կենտրոնում։
If you would like support with this work, you can book a free consultation with me or with one of my colleagues at Transforming Emotions.









